Մխիթարյան միաբանության լեզվաբանական և բառարանագիտական աշխատությունները

1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար աբբան և իր աշակերտները սկսել էին աշխատել այս բացատրական բառարանի վրա դեռևս 1727 թվականից և ավարտին հասցրին այն 1745 թվականին։ Նախկինում չկային հայկական բառարաններ, որոնք կարող էին ծառայել որպես աղբյուր Մխիթարի աբբայի բառարանի համար։ Կային միայն լատին վարդապետների կողմից հրատարակված լատիներեն-հայերեն մի քանի փոքր բառարաններ։ Կար նաև Աստվածաշնչյան բառարան, որում տրված մեկնությունները նույնպես անօգուտ էին Մխիթարին։ «Բառգիրք Հայկազեան Լեզուի» ստեղծման համար աղբյուր են հանդիսացել հայկական հին ձեռագրեր, գրքեր և ամենահայտնի հայ հեղինակների աշխատությունները։ Մխիթար աբբան դիմում էր հիմնականում վստահվելի աղբյուրների, մեծապես օգտվում Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից՝ ձեռքի տակ ունենալով նաև հունարեն բնագրերը։ Մխիթար Սեբաստացու գրչին է պատկանում նաև 1730 թվականին լույս տեսած «Քերականութիւն Գրաբարի Լեզուի Հայկազեան սեռի» աշխատությունը։ Այս աշխատության նպատակն էր մաքրել հայերենը լատինամոլություններից։

1836-1837 թվականներին Գ. Ավետիքյանը, Մ. Ավգերյանն ու Խ. Սյուրմելյանը Վենետիկում հրատարակում են «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը։ Այն ցայսօր համարվում է հայ բառարանագրության արժեքավոր գործերից մեկը և չի կորցրել իր արդիականությունը։ Բառարանում տեղ են գտել մինչև այդ թվականները հայ մատենագրության մեջ գործածված գրաբարյան բառերի բացատրությունները, ստուգաբանությունը։ Բառարանի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այնտեղ ընդգրկվել են նաև մի շարք բառեր, որոնք համեմատվել են հունարեն, լատիներեն, պարսկերեն, ասորերեն և այլ լեզվական համարժեքների հետ։ 1846 թվականին Մկրտիչ Ավգերյանը հրատարակում է «Առձեռն բառարան հայկազեան լեզուի»՝ վերոնշյալ բառարանի համառոտ խմբագրությունը։ 1865 սոյն բառարանը վերահրատակուեցաւ և պարունակում էր նախորդ հրատարակությունից դուրս մնացած 5000 լրացուցիչ բառային միավոր։

Հիշատակված բառարաններիվ բացի լույս են տեսել նաև տարբեր լեզուներով այլ բառարաններ կամ, ինչպես Մխիթարյաններն էին կոչում, «առաջնորդներ»: Դրանցից են, օրինակ, 1804 թվականին Մ. Ջախջախյանի հրատարակած «Բառարան յիտալական լեզուէ ի հայ և ի տաճիկ բարբառ» աշխատությունը, Հարություն Ավգերյանի ֆրանսերեն-հայերեն և անգլերեն-հայերեն բառարանները։ 1820-կաններին Հ. Ավգերյանը հրատարակում է անգլերեն-հայերեն բառարաններ և քերականություն՝ Սուրբ Ղազար կղզում հայերեն ուսանող Ջորջ Գորդոն Բայրոնի օժանդակությամբ։ Հիշատակության արժանի են նաև Մ. Չամչյանի «Քերականութիւն Հայկազեան լեզուի» /1779/, Պ. Հովհաննիսյանի «Մարդկային լեզուին սկզբան» /1857/, Ա. Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» /1866/, Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» /1885/ և այլ աշխատությունները։

Թողնել մեկնաբանություն